Պետական անվտանգության ծառայություն. Ձերբակալվել են արտերկրում գործող խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի ցանցի անդամները, որոնք Վրաստան էին ապօրինի ներկրում հրազեն և զինամթերք
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները հրազենի և ռազմամթերքի ապօրինի իրացման փաստով օտարերկրյա պետության երեք քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
Նրանց հաղորդմամբ՝ հետաքննությամբ պարզվում է, որ ձերբակալվածներն արտասահմանում գործող խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի ցանցի անդամներ են, ովքեր Վրաստան են ապօրինաբար ներկրել հրազեն և ռազմամթերք՝ իրացնելու նպատակով։ Պետական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները նրանց ձերբակալել են Թբիլիսի քաղաքում՝ հանցագործության կատարման վայրում։
«Ձերբակալվածների անձնական, ավտոմեքենայի և ժամանակավոր բնակության տան խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել են իրացման համար պատրաստված ապօրինի հրազեն, ռազմամթերք, ենթադրաբար թմրամիջոց և էլեկտրոնային սարքեր։ Նախնական զննությամբ նշված սարքերում հայտնաբերվել են տարբեր հանցավոր գործողությունների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացումն արտացոլող լուսանկարներ և տեսանյութեր։ Առգրավված իրեղեն ապացույցներն ուղարկվել են փորձաքննության։
Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է հետաքննությունը միջազգային հանցավոր ցանցում ներգրավված այլ անձանց պարզելու, հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Քննությունն այս փուլում ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 5-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 9 տարի ժամկետով», — նշված է Պետական անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ։