Պետական անվտանգության ծառայություն. Ապրիլի 2-ին ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում
Ընթացիկ տարվա ապրիլի 2-ին ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացուն ապօրինի կալանքից ազատելու գործընթացում ակտիվորեն կիրառվել է ինչպես Վրաստանում Եվրոպական միության մոնիտորինգի առաքելության (EUMM) անմիջական ներգրավմամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան գործիքները։
«Կենտրոնական իշխանությունը, Պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ աշխատանքը օկուպացված տարածքներում ապօրինի կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ», – ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։