Պետական անվտանգության ակադեմիային շնորհվել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ
Պետական անվտանգության ակադեմիային շնորհվել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։
Պետական անվտանգության ակադեմիայի հաղորդմամբ, բարձրագույն ուսումնական հաստատությունների լիազորման խորհուրդը, ներկայացված փաստաթղթերի և փորձագիտական գնահատականի հիման վրա, քննարկել և որոշել է, որ Պետական անվտանգության ակադեմիան լիովին համապատասխանում է լիազորման չափորոշիչներով սահմանված պահանջներին, որոնք հիմք են հանդիսացել ակադեմիային բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ շնորհելու համար։
Ըստ նրանց՝ լիազորման գործընթացի ընթացքում Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի փորձագետների խումբը լիազորման այց է կատարել Պետական անվտանգության ակադեմիա։
«Գնահատման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են Ակադեմիայի ինստիտուցիոնալ գործունեությունը, ակադեմիական, վարչական և նյութատեխնիկական ռեսուրսները, ուսումնական միջավայրը և ենթակառուցվածքները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործող չափորոշիչներին և լիազորման պահանջներին։ Անվերապահ լիազորություն ստանալուց հետո Պետական անվտանգության ակադեմիան «Պետական անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի հավատարմագրման հայտ է ներկայացրել Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն», – ասվում է Պետական անվտանգության ակադեմիայի հայտարարության մեջ։