Պեդրո Սանչեսը հայտարարում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ ունի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի նկատմամբ. «Անդամ պետությունների մի մասը հրաժարվում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկել»
Եվրամիությունը կրկնակի ստանդարտներ ունի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմների նկատմամբ։ Անդամ պետությունների մի մասը հրաժարվում է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, – այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Սանչեսի խոսքով՝ Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցման վերաբերյալ իր առաջարկը հանդիպել է անդամ պետությունների դիմադրությանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գաղափարի հիմնական հակառակորդներն են եղել Իտալիան և Գերմանիան։
Իսպանիայի վարչապետի հայտարարությամբ՝ Եվրամիությունը կկորցնի իր հեղինակությունը, եթե միջոցներ չձեռնարկի Իսրայելի դեմ։
«Ցավոք, որոշ կառավարություններ կողմ են դրան, իսկ որոշները՝ դեմ։ Հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա։ Այս ամենը թուլացնում է Եվրամիության դիրքերը մեր լեգիտիմության տեսանկյունից, առնվազն քաղաքականապես, և մեր վստահելիությունը, երբ խոսքը վերաբերում է այնպիսի արդար հարցերի պաշտպանությանը, ինչպիսին Ուկրաինայի հարցն է», – հայտարարել է Սանჩեսը։
Ինչպես գրում է մամուլը, Սանչեսն ակնարկել է, որ Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն է խախտում այն Ուկրաինայի դեմ ագրեսիայի ժամանակ։
«Ակնհայտ է, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքը Լիբանանում, Հորդանան գետի արևմտյան ափին, և իհարկե՝ Գազայում, և սա պետք է մեզ մտահոգի», – ասել է Սանչեսը։