Պավել Հերչինսկի. Վրաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է շարունակել եվրաինտեգրումը, թե՞ ոչ, Վրաստանն անկախ երկիր է
Պավել Հերչինսկի. Վրաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է շարունակել եվրաինտեգրումը, թե՞ ոչ, Վրաստանն անկախ երկիր է

Կարծում եմ՝ մենք բոլորս այսօր արթնացանք բոլորովին նոր իրականության մեջ: Մենք երեկ տեսանք պարոն Կոբախիձեի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ Վրաստանը շահագրգռված չէ շարունակել եվրաինտեգրումը առաջիկա չորս տարիներին։ Իհարկե, սա շատ ցավալի է։ Սա իսկապես ցավալի է ինձ համար»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Դեսպանի խոսքով, երեկ տեղի ունեցածը դեմ է վրացիների մեծ մեծամասնության կամքին։

«Հիշում եմ, երկու տարի առաջ, երբ եկա Վրաստան, իմ ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հրապարակավ հայտարարեց. «Վրաստանը պատկանում է Եվրամիությանը։ Եվրամիությունը ամբողջական չի լինի առանց Վրաստանի»: Այս խոսքերով են առաջնորդվել մեր աշխատանքը վերջին երկու տարիների ընթացքում։ Այս խոսքերն են առաջնորդել իմ աշխատանքը այստեղ՝ որպես ԵՄ դեսպան երկու տարվա ընթացքում: Ես շատ հպարտ էի, որ Եվրամիությունը որոշեց բացել մեր դուռը Վրաստանի առաջ։ Մենք Վրաստանին տվել ենք ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, և այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ակնհայտորեն դեմ է Վրաստանի նախորդ կառավարության քաղաքականությանը, ըստ էության, Վրաստանի նախկին բոլոր կառավարությունների, ինչպես ես եմ հասկանում, և նաև դեմ է վրացիների ճնշող մեծամասնության կամքին։ Իհարկե, Վրաստանն անկախ երկիր է։ Վրաստանը ինքնիշխան երկիր է: Վրաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է շարունակել եվրաինտեգրումը, թե՞ ոչ։ Իմ տեսանկյունից սա շատ ցավալի է, շատ ցավալի»,- ասել է Հերչինսկին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է. «Մինչև 2028 թվականի վերջ մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, մենք շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, թեև թույլ չենք տա, որ որևէ մեկը անընդհատ շանտաժի ենթարկի մեզ»։