Պատրաստ ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների համար կողմերին հյուրընկալենք ցանկացած պահին. Դավիթ Զալկալիանի
Մեր դիրքորոշումն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Առաջին իսկ օրվանից մեր կոչն էր, որ տեղի ունենար իրավիճակի լիցքաթափում, Վրաստանը կողմերին առաջարկեց Թբիլիսիին, որպես բանակցությունների վայր,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ով արձագանքել է ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հոդվածին:
Խոսքը վերաբերում է հոդվածին, որտեղ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարում է, որ ԱՄՆ-ը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անտեսելու շքեղություն և որ աշխարհի առաջնորդները պետք է լրջորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վրաստանի նախաձեռնությունը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զալկալիանին, Վրաստանը երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ:
«Այս առաջարկը միշտ օրակարգում է: Ցանկացած պահին, երբ մեր հարևանները կցանկանան, պատրաստ ենք հյուրընկալել նրանց: Ինչպես քաջատեղյակ եք, այն փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվում պարբերաբար հրադադարի մասին համաձայնագրերով, պետք է շարունակական լինի: Դա տարածաշրջանում կայունության կարիք ունի: Մենք անվտանգության խորհրդի շրջանակներում հավաքվել ենք և վերահաստատել, որ ցանկանում ենք երկու երկրների՝ Ադրբեջանի, մեր ռազմավարական գործընկերոջ և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ:
Ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ երկու ազգությունների քաղաքացիները դարեր շարունակ միասին ապրում են Վրաստանում, կարևոր է, որ ամբողջ տարածաշրջանը դուրս գա այս իրավիճակից: Չկա աշխարհում Հարավային Կովկասից ավելի ուժեղ վայր, ինչպես տնտեսական, այնպես էլ ռեսուրսների և աշխարհաքաղաքական նշանակությամբ: Եթե Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի, դա բոլորին ձեռնտու կլինի: Ինչպես տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս բոլոր հիմնական ուժերի համար»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: