Պատրաստ ենք աջակցել երկրներին, որոնք հնարավոր է տուժեն Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և Ռուսաստանի համար հաստատված պատժամիջոցների կողմնակի ազդեցություններից. Արժույթի միջազգային հիմնադրամ

22:42, 02.02.2022

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք կարող են տուժել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով կողմնակի ազդեցություններից։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։

Նրա խոսքով, պատժամիջոցներն անխուսափելիորեն կխանգարեն որոշ ֆինանսական գործարքների և ֆինանսական համակարգերի գործունեությանը, հատկապես, եթե պատժամիջոցները սահմանափակեն Ռուսաստանի մուտքը Swift-ի ֆինանսական գործարքների ցանց:

«Եթե մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ կլինեն կողմնակի ազդեցություններ, որոնք կպահանջեն Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի մեծ ներգրավվածություն այլ երկրների համար, իհարկե, մենք այնտեղ կլինենք։ Մենք դեռ ունենք մոտ 700 միլիարդ դոլարի վարկային հզորություն»,- ասել է Գեորգիևան։

Նա նաև նշել է, որ հիմնադրամը մոտ 2,2 միլիարդ դոլար ունի Ուկրաինայի համար ընդլայնված վարկային ծրագրի շրջանակներում, որը կարող է հատկացվել մինչև հունիս ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ Ուկրաինան 700 մլն դոլարի առաջին տրանշը ստացել է անցյալ տարվա նոյեմբերին։

Նմանատիպ