Պատրաստ ենք 2024 թվականին հայտ ներկայացնենք Եվրամիությանը անդամակցելու համար. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Իմեդի» ռադիոկայանի եթերում խոսել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հեռանկարների մասին:
Նախարարի խոսքով, ներկայիս իշխանությունները պատասխանատու են և Եվրամիության անդամակցելու հայտը 2024 թվականին ներկայացնելու մասին ծրագիրը համաձայնեցվել է Եվրոպական գործընկերների հետ:
«Դա չպետք է լինի դատարկ կրակոց, այնպիսի հայտարարություն, որը ոչինչ չի բերի և այդ ժամանակ դուք ստիպված կլինեք պատասխանել, ինչին ականատես ենք եղել նախորդ կառավարության օրոք: Այցեգրերի ազատականացման վերաբերյալ հայտարարություններ են եղել, որ այսօր կլինի, վաղը կլինի, սակայն մինչև 2012 թվականը մենք այցեգրերի ազատականացման առումով շոշափելի արդյունք չենք ունեցել: Արդյունքը եղավ ներկայիս իշխանությունների օրոք, այդ թվում խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և ասոցացման համաձայնագիրը: Մենք շատ ենք աշխատել այս հայտարարությանը հասնելու համար, որ պատրաստ ենք 2024 թվականին դիմել Եվրամիությանը անդամակցելու հայտով: Սա շատ լուրջ աշխատանքային գործընթաց է, որն ընթանում է այս տարիների ընթացքում»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Զալկալիանին նշել է, որ ասոցացման համաձայնագրի հաջող իրականացումը, այցեգրերի ազատականացման հաջող իրականացումը, ազատ առևտրի համաձայնագիրը, որը թույլ է տալիս արդիականացնել Վրաստանի տնտեսությունը, ներդաշնակեցնելով օրենսդրությունը երկիրը հասցրել է այն կետի, երբ Վրաստանի եվրոպականացման գործընթացը դառնում է անշրջելի:
«Հենց դրա արդյունքում ենք արել այս հայտարարությունը: Ժամանակը շատ ճշգրիտ է ընտրված և ես համոզված եմ, որ այս դիմումը մենք կկատարենք 2024 թվականին»,- հավելել է նախարարը:
Զալկալիանին անդրադարձել է նաև արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հարցին: Նրա խոսքով, «արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված կոնֆերանսին, որը անցյալ տարի անց է կացվել Վրաստանում և աչքի է ընկել աննախադեպ մասշտաբներով և հյուրերի բարձր մակարդակով, գործընկերները միաձայն նշել են, որ Վրաստանը առաջատարն է «արևելյան գործընկերության» անդամ երկրների միջև և երկիր է, որը կատարում է ասոցացման համաձայնագիրը:
«Մենք այն ժամանակ հայտարարել ենք, որ ունենք հավակնոտ ծրագրեր, որ մենք ցանկանում ենք էլ ավելի ինտեգրում, ֆիզիկական ինտեգրում Սևծովյան բաղադրիչի նախատեսմամբ, ինչը նշանակում է Վրաստանի ավելի ներգրավում Եվրամիության ծրագրերում և գործակալություններում, Եվրամիության տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերում, Վրաստանի ավելի շատ ներգրավում էներգետիկ նախագծերում, ներգրավվածություն կրթության տեսանկյունից»,- նշել է Դավիթ Զալկալիանին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: