Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պաշտպանության համար ծախսել են համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը
Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հասել են պաշտպանության համար ՀՆԱ-ի 2%-ի չափով ծախսերի մակարդակին։ Այս մասին տեղեկատվությունը տարածում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցին։
Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին դաշինքի բոլոր 32 անդամները հասել են պաշտպանության համար ՀՆԱ-ի թիրախային 2% ցուցանիշին։ Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանական ծախսերը կազմել են 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը 6%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։
2025 թվականին պաշտպանության համար ՀՆԱ-ի ամենացածր՝ 2% ծախսերն ունեցել են Իսպանիան, Պորտուգալիան, Ալբանիան, Բելգիան և Կանադան։ 2025 թվականին պաշտպանությանը ամենաշատը հատկացրել է Լեհաստանը՝ ՀՆԱ-ի 4,3%-ը։ ՀՆԱ-ի 3%-ից ավելին ծախսել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Դանիան։
Զեկույցում նշվում է, որ Մարկ Ռյուտեն 2025 թվականը գնահատել է որպես «իրադարձություններով լի տարի», որը բնութագրվում էր արագ փոփոխվող անվտանգային միջավայրով։
«2025 թվականի ընթացքում առկա սպառնալիքների պատկերը հստակ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելին անել։ Ողջ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն շարունակել է միավորվել՝ ապահովելու համար, որ մենք պատրաստ ենք և կարող ենք պատասխանել ցանկացած սպառնալիքի բոլոր ոլորտներում՝ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում», – հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Դաշինքի պլանը, ըստ որի նրա յուրաքանչյուր անդամ պաշտպանության վրա պետք է ծախսեր ՀՆԱ-ի 2%-ը, մշակվել էր դեռևս 2014 թվականին։