Պարենի ազգային գործակալությունը Թբիլիսիի մի քանի անասնաբուժական կլինիկաներում հայտնաբերել է կրիտիկական անհամապատասխանություններ և ժամկետանց դեղամիջոցներ
Պարենի ազգային գործակալության Թբիլիսիի բաժնի տեսուչները և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետները մայրաքաղաքում անցկացված պետական վերահսկողության արդյունքում անասնաբուժական կլինիկաներում հայտնաբերել են լուրջ խախտումներ։
Պարենի ազգային գործակալության տվյալներով՝ ստուգված 20 օբյեկտներից խախտումներ են արձանագրվել ութ անասնաբուժական կլինիկաներում՝ «Ախալի անասնաբուժական կլինիկա» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Դ. Ս., «Վետ.Արտ» անասնաբուժական կլինիկա ՍՊԸ, «ԴՏՆԲ» ՍՊԸ, «Զարավետ» ՍՊԸ, «Վետցենտր Զոոպլազա» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Տ.Ձ. (Բիոնիկա), «Վետ. հիվանդանոց» ՍՊԸ։
«Երկու կլինիկաների գործունեությունը կասեցվել է գործիքների ոչ պատշաճ ախտահանման պատճառով։ Գրանցվել են նաև պատվաստանյութերի պահպանման կանոնների խախտումներ, չգրանցված, ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների օգտագործում, ինչպես նաև տնտեսական գործունեության գրանցամատյանում չգրանցված գործունեություն, որի համար տնտեսվարողները տուգանվել են։
Պարենի ազգային գործակալությունը պետական վերահսկողություն է իրականացնում կլինիկաներում, անասնաբուժական դեղատներում և կենդանիների խանութներում։ Այս տարի նախատեսվում է ստուգել անասնաբուժական վերահսկողության ենթակա մինչև 1500 օբյեկտ։
Գործակալությունը կոչ է անում սպառողներին ցանկացած խախտման դեպքում կապվել շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծի՝ 1501 հեռախոսահամարով։ Ոչ մի հաղորդագրություն անպատասխան չի մնա», – նշվում է տեղեկատվության մեջ։