Պակիստանը ավիահարվածներ է հասցրել աֆղանական Քաբուլ և Ղանդահար քաղաքներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Պակիստանի կառավարության պաշտոնյային։
Հրապարակման համաձայն՝ երկրների միջև սահմանին իրավիճակը ներկայումս համեմատաբար կայուն է, չնայած երկու կողմերն էլ մնում են «բարձր պատրաստվածության» վիճակում։
Ավիահարվածներից առաջ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ աֆղանական թալիբները «բաց պատերազմ» են հայտարարել Պակիստանին։
Պակիստանի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ թալիբները կրակ են բացել Խայբեր-Պախտունխվա նահանգի մի քանի հատվածներում, որին պակիստանյան զորքերը «արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով»։ Դրանից առաջ թալիբների ռազմական ստորաբաժանումը տեղեկատվություն է տարածել, որ Աֆղանստանը պատասխան հարձակումներ է սկսել Պակիստանի սահմանային դիրքերի վրա։
Թալիբների տվյալներով՝ Աֆղանստանում պակիստանյան հրետակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն ինը մարդ։