Օզուրգեթիի մունիցիպալիտետում դիտավորյալ սպանության փաստով մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 2002 թվականին ծնված Գ.Չ.-ին:
«Իրավապահների կողմից թարմ հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը Օզուրգեթիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, փոխադարձ վիճաբանության հողի վրա, սառը զենքի գործադրմամբ վնասվածքներ է հասցրել իր հարևանությամբ բնակվող՝ 1968 թվականին ծնված Գ.Մ.-ին՝ վերջինիս բնակության վայրում, և դիմել փախուստի: Ստացած վնասվածքների հետևանքով Գ.Մ.-ն տեղում մահացել է», – հայտնում են ՆԳՆ-ից:
Նրանց փոխանցմամբ՝ իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Գ.Չ.-ին որպես մեղադրյալ ձերբակալել են թարմ հետքերով: Հանցագործության գործիքը՝ դանակը, առգրավված է որպես իրեղեն ապացույց:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով: