Օկուպացիայի պայմաններում լարվածություն և խուճապ սադրելը բացարձակապես անընդունելի է. Քեթևան Ցիխելաշվիլի
Մենք շատ ծանր իրավիճակ ունենք օկուպացիայի առումով, այս պայմաններում հավելյալ լարվածություն և խուճապ սադրելը անընդունելի է,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Մեկ անգամ ևս բոլորին անում եմ առավելագույն պատասխանատվության և զգուշության կոչ: Իհարկե, առաջին հերթին մեր իշխանության պարտականությունն է, սակայն ոչ քաղաքական գործիչները, ոչ ակտիվիստները, ոչ մամուլը, բնական է ազատված չեն այս պարտականությունից: Գործը վերաբերում է մեր երկրի և ժողովրդի անվտանգությանը, Խուրվալեթիի բնակչությանը: Այն պայմաններում, երբ մենք արդեն ունենք ծանր իրավիճակ օկուպացիայի առումով, չէ որ դա սովորական և նորմալ երևույթ չէ, որով ցանկանում ենք ապրել և որին ցանկանում ենք ընտելանալ, այս պայմաններում հավելյալ լարվածություն և խուճապ սադրելն անընդունելի է»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:
Խուրվալեթիի ծերանոցի ղեկավար Լոդա Սալիան տարածել էր տեղեկություն, որ օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում, Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվում էին ռուս զինվորականներ:
Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում: Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս չի հաստատել ռուս զինվորականների մասին լուրը: