«Նյուզ Մեյքեր» – Մոլդովան սկսում է ճանապարհային քարտեզի նախապատրաստումը՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ Եվրամիության ոլորտային պատժամիջոցներին միանալու համար
Մոլդովան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի և Բելառուսի դեմ Եվրամիության ոլորտային պատժամիջոցներին միանալուն,— այս մասին տեղեկատվություն է տարածում «Նյուզ Մեյքեր»-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երկրի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ համապատասխան ճանապարհային քարտեզի մշակումը նախատեսվում է մինչև 2027 թվականի հունվարի վերջ։
Փաստաթղթի նախապատրաստման որոշումն ընդունել է միջգերատեսչական վերահսկիչ խորհուրդը, որը ղեկավարում է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը։
Ճանապարհային քարտեզը պետք է ապահովի նորմատիվային բազայի և ազգային մեխանիզմների ստեղծումը, որպեսզի երկիրը հետագայում կարողանա միանալ Եվրամիության երկու ամենաբարդ պատժամիջոցային ռեժիմներին՝ Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային սահմանափակումներին և Բելառուսի դեմ գործող ոլորտային ու անհատական պատժամիջոցներին։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, փաստաթուղթը հիմնված կլինի սահմանափակումներին միանալու սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատման վրա։ Ճանապարհային քարտեզում հաշվի կառնվեն հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու միջոցառումները՝ կսահմանվեն խոցելի տեղերը, հարմարվողականության հնարավորությունները և այն ոլորտները, որոնք պետության միջամտության կարիք ունեն։
Առաջին հերթին Մոլդովայի իշխանությունները ծրագրում են խորհրդակցություններ անցկացնել տնտեսության պրոֆիլային ճյուղերի ներկայացուցիչների հետ և տնտեսական օպերատորների համար մշակել ուղեցույց-փաստաթուղթ, որում կպարզաբանվեն սահմանափակումների գործողության ոլորտը, թույլատրելի բացառությունները և պատժամիջոցների ռեժիմի պահպանման ընթացակարգերը։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շրջանակներում, այդ թվում՝ 31-րդ գլխի՝ «Արտաքին քաղաքականություն, անվտանգության և պաշտպանության քաղաքականություն» վերաբերյալ բանակցությունների ընթացքում Մոլդովան պարտավոր է Եվրամիությանն անդամակցելու պահի դրությամբ աջակցել ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ընդունված բոլոր սահմանափակող միջոցներին։ Նշվածը ենթադրում է ոչ միայն պատժամիջոցների և սահմանափակումների լիարժեք գործարկում, այլև դրանց շրջանցման կանխում։