Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ մի շարք նախագծեր կան, սա կարևոր է ոչ միայն մեր երկրների համար, այլև փոխում է էներգետիկ ապահովման քարտեզը

20:31, 24.11.2026

Մեր երկրների մասնակցությամբ մի շարք նախագծեր կան, որոնց աղբյուրն Ադրբեջանն է՝ Կասպից ծովի հատվածը։ Դրանք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են, որոնք ոչ միայն շատ կարևոր են մեր երկու երկրների համար, այլև փոխում են ավելի լայն աշխարհագրության՝ էներգետիկ ապահովման քարտեզը։ Որոշ նախագծեր մեծ պատմություն ունեն, որոշները նոր են, իսկ որոշներն էլ ընթացքի մեջ են,- այս մասին Բաքվում վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին Հանրային հեռարձակողի լրագրողը հարց է ուղղել փոխկապակցվածության տեսանկյունից տարածաշրջանի աճող նշանակության վերաբերյալ. «Երբ Եվրոպան նոր ուղիներ է փնտրում, այս գործընթացում որքանո՞վ են կարևոր Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությամբ իրականացվող նախագծերը, այդ թվում՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»։

«Երբ խոսքը մեծ պատմություն ունեցող նախագծերի մասին է, եղել են տարբեր խողովակաշարեր, Բաքու-Սուփսա նախագիծը, որը գործում է նաև հիմա։ Մեծ հավանականությամբ, մոտ ապագայում, երբ ծավալներն աճեն, այլ երկրներ նույնպես կարող են քայլեր ձեռնարկել իրենց նավթամթերքի արտահանման հետ կապված։ Այս ուղղությամբ ամենախոշոր նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն է, որի միջոցով տարբեր երկրներ, հատկապես եվրոպական երկրները, ստանում են հուսալի հումք՝ նավթ։

Համեմատաբար նոր ուղղություն է 2020 թվականին ավարտված Հարավային գազային միջանցքը։ 2021 թվականից առաջին անգամ սկսվեց գազի մատակարարումն Իտալիա, Բուլղարիա և Հունաստան, ինչպես նաև եվրոպական այլ երկրներ։ Ընթացիկ տարվա սկզբից այս ցանկին ավելացել են Գերմանիան և Ավստրիան, և արդեն 16 երկիր ստանում է ադրբեջանական գազ, որոնցից տասը Եվրամիության անդամ երկրներ են, ինչը շատ կարևոր է նրանց էներգետիկ անվտանգության համար։

2022 թվականին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի հիման վրա նոր ուղղություն է այլընտրանքային էներգիան՝ Հարավային Կովկասում արտադրությունը և տարբեր երթուղիների միջոցով եվրոպական շուկա մատակարարումը։ Այս նախագծի ֆինանսատեխնիկական աշխատանքներն ավարտված են։ Մասնագետների եզրակացությունն այն է, որ այն բավականին հուսալի նախագիծ է, ֆինանսապես բավականին շահավետ։ Կարծում ենք, որ նման նախագծերը, որոնք իրականացվում են մեր երկրների նախաձեռնությամբ և մասնակցությամբ, լուրջ ներդրում կունենան Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Նյութը պատրաստվել է համաժամանակյա թարգմանության հիման վրա։

Նմանատիպ