Նյու Յորքում և Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժգին փոթորկի պատճառով
Հզոր փոթորիկ է պատուհասել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափը՝ առաջացնելով ջրհեղեղներ, էլեկտրաէներգիայի անջատումներ և տրանսպորտային խափանումներ։ BBC-ի տվյալներով՝ փոթորկի պատճառով չեղարկվել են նաև մարզական և ժամանցային միջոցառումներ։
Վատ եղանակային պայմանները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում բնակվող տասնյակ միլիոնավոր մարդկանց համար։ BBC-ն հայտնում է, որ Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել։ Վիրջինիայից մինչև Մեն ձգվող տարածաշրջանում սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ։ Բրուքլինում գրանցվել է մահվան դեպք. քամին տապալել է ծառը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Նյու Ջերսիի ափամերձ Սերֆ Սիթի քաղաքում փողոցները ջրի տակ են անցել։ Փոթորկի պատճառով ավելի քան 100 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ ավելի քան 3000 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է։
ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ջրհեղեղի վտանգի մասին մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նյու Յորքի և Բոստոնի ափամերձ հատվածներում։