«Նյու Յորք Թայմս». Ուկրաինայի կողմից Ռուսաստանին ներկայացված հուշագիրը նախատեսում է հրադադար ցամաքում, ծովում և երկնքում՝ միջազգային գործընկերների մոնիթորինգով
Ուկրաինայի կողմից Ռուսաստանին ներկայացված հուշագիրը նախատեսում է հրադադար ցամաքում, ծովում և օդում՝ միջազգային գործընկերների մոնիթորինգով։
Այս մասին գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում տալով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային, ով լրատվամիջոցին խոսել է անանունության պայմանով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ ուկրաինական հուշագիրը ներառում է 22 պայման։ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամը փաստաթուղթը բնութագրել է որպես «բավականին լավ» և «խելամիտ»։
Ինչպես նշում է «Նյու Յորք Թայմս»-ը, Կիևում վախենում են, որ Ռուսաստանը կարող է ուկրաինական պատվիրակությանը գցել թակարդ՝ առաջարկելով Կիևի համար անընդունելի պայմաններ, օրինակ՝ ռուսական ուժերի դուրսբերում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներից, և հետո մեղադրել Ուկրաինային բանակցությունների տապալման մեջ։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ հուշագրի իրենց տարբերակը փոխանցել են ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ԱՄՆ-ին։ Իսկ Ռուսաստանում ասում են, որ իրենց տարբերակը կներկայացնեն միայն բանակցությունների հաջորդ փուլում, ինչի համար Կիևը մեղադրում է Կրեմլին խաղաղ գործընթացի ձգձգման մեջ։
ABC News-ին տված հարցազրույցում Քիթ Քելլոգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը արդարացի է։ Նրա խոսքով, Ռուսաստանը խոսում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի և Մոլդովայի մասին։ «Մենք ասում ենք՝ լավ, կարող ենք քննարկել ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանը», – ասել է Քելլոգը։