Նոյեմբերի 1-ից N306 երթուղով կշահագործվի 20 18 մետրանոց ավտոբուս
Նոյեմբերի 1-ից կկատարվեն փոփոխություններ հանրային տրանսպորտի ուղղությամբ․ N306 երթուղում կշարժվեն նոր 18 մետրանոց ավտոբուսներ։ Այս մասին այսօր Տբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ N306 երթուղին, որը մինչ այս ընդգրկում էր միայն Ակակի Բելիաշվիլի փողոցից մինչև Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոց հատվածը, կերկարացվի և ծածկույթը կընդլայնվի։
«Մինչ այժմ այս երթուղում աշխատում էին ութ 12 մետրանոց ավտոբուսներ, իսկ թարմացված երթուղով ուղևորներին կսպասարկեն 20 միավոր 18 մետրանոց ավտոբուսներ, ինչը կավելացնի տարողունակությունը և կսպասարկի շատ ավելի մեծ թվով ուղևորներ։ Նաեւ կկրճատվի սպասման ժամանակը։ Նոր սխեմայի համաձայն՝ երթուղին Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցից կշարունակվի մինչև Քեթևան Դեդոպալի պողոտա, այնուհետև ավտոբուսը կմիանա Բերի Գաբրիել Սալոսի պողոտային և Էմիր Բուրջանաձեի փողոցին։ Մյուս կողմից՝ երթուղին կշարունակվի Ակակի Բելիաշվիլի փողոցից մինչև Դիդի Դիգոմի։ Այսպիսով, N306 ավտոբուսը կշարժվի Ֆարնավազ Մեփե պողոտայի և Դեմետրե Թավդադեբուլու փողոցի միջոցով», – ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունն առանձնապես կարևոր է Բերի Գաբրիել Սալոսի պողոտայի և Էմիր Բուրջանաձեի փողոցում բնակվողների համար, որոնք տարիներ շարունակ խնդիր ունեին Ավլաբարի ուղղությամբ տեղաշարժվելու հարցում։
Բացի այդ, Կախա Կալաձեն նշել է, որ Բելիաշվիլի փողոցի և Ռոբակիձե պողոտայի խաչմերուկում կառուցվել է նոր տրանսպորտային հանգույց։ Հետևաբար, նոյեմբերի 1-ից N306 երթուղու ավտոբուսները այս հանգույցում՝ լուսացույցի միջոցով ձախ շրջադարձ կատարելով, կշարժվեն դեպի «Դիդուբե» մետրոյի կայարան։