Նոյեմբերի 1-ից Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղով կիրականացվեն լրացուցիչ երկաթուղային չվերթներ
Նոյեմբերի 1-ից Բաքու-Թբիլիսի-Բաքու երկաթուղային երթուղով օրական չորս չվերթ կիրականացվի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում ադրբեջանական մեդիան։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արդյունքում ուղևորատեղերի քանակը 386-ից կհասնի 564-ի, այսինքն՝ կավելանա գրեթե 50%-ով։
Բաքվից Թբիլիսի մեկ ուղղությամբ ուղևորության նվազագույն արժեքը կկազմի 54 մանաթ, Եվլախից՝ 44 մանաթ, Գանջայից (Գանձակ)՝ 41 մանաթ, Աղստաֆայից՝ 38 մանաթ, իսկ Բոյուկ-Քեսիկից՝ 36 մանաթ։ Համեմատության համար նշենք, որ այժմ Stadler-ի վագոններով Բաքվից Թբիլիսի ուղևորության նվազագույն գինը 77,50 մանաթ է, իսկ Գանջայից՝ 56,80 մանաթ։
Լրացուցիչ չվերթերի տոմսերի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 2-ից։ Ուղևորները կկարողանան օգտվել ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային չվերթերից։
Նոր չվացուցակի համաձայն՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գործող գնացքը Ադրբեջանի մայրաքաղաքից դուրս կգա ժամը 23:00-ին և Թբիլիսի կհասնի հաջորդ օրը ժամը 08:41-ին։ Հակառակ ուղղությամբ գնացքը կմեկնի ժամը 11:00-ին և Բաքու կհասնի ժամը 20:26-ին։
Նոր չվերթը Բաքվից դուրս կգա օրական ժամը 09:10-ին և Թբիլիսի կհասնի ժամը 19:11-ին։ Հակառակ ուղղությամբ գնացքը կմեկնի ժամը 22:00-ին և Բաքու կհասնի հաջորդ օրը ժամը 07:57-ին։
Տոմսերն առցանց ձեռք բերելու համար ուղևորները ADY-ի կայքում և բջջային հավելվածում պետք է հաստատեն անձնական հաշիվը MyGov ID-ի միջոցով, իսկ դրա համար պետք է մուտքագրեն FIN կոդը։ Օտարերկրյա քաղաքացիները պետք է նշեն իրենց երկիրը և հեռախոսահամարը։