Նորվեգիան ֆինանսական օգնություն կհատկացնի տեղահանված ուկրաինացի երեխաներին որոնելու և գերիներին աջակցելու համար

13:26, 29.09.2026

Նորվեգիան ֆինանսական օգնություն կհատկացնի Ռուսաստանի կողմից տեղահանված ուկրաինացի երեխաներին որոնելու և հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև ռազմագերիներին ու ազատազրկված քաղաքացիական անձանց աջակցելու համար։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի տեղեկատվությամբ՝ Նորվեգիայի կառավարության կողմից հատկացված 2.3 միլիոն եվրոն կփոխանցվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Նորվեգիայի կառավարության տվյալներով՝ 1.4 միլիոն եվրոն կհատկացվի Ուկրաինա վերադարձված երեխաների վերաինտեգրման և անհետ կորած երեխաների որոնման համար։

Ավելի քան 921 հազար եվրո կհատկացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Որոնողական կենտրոնական գործակալությանը։ Գերատեսչության նպատակն է կանխել մարդկանց անհետացումը, ինչպես նաև գերեվարված, զոհված կամ անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկատվություն որոնելն ու ընտանիքներին փոխանցելը։

Ի գիտություն՝ Նորվեգիան սեպտեմբերի 28-29-ին Տորոնտոյում ընթացող համաժողովի համահյուրընկալողն է։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նորվեգիայի նպատակն է համաժողովում միջազգային ուշադրություն հրավիրել նշված հարցի վրա։

Նմանատիպ