Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

17:19, 20.10.2026

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդի և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրո Բերեժնոյի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է դեկտեմբերին Լոնդոնում նախատեսված «Ղրիմի պլատֆորմի» խորհրդարանական մասշտաբի հանդիպումը, որին Ուկրաինայի Ռադայի նախագահի և Միացյալ Թագավորության Համայնքների պալատների և Լորդերի խոսնակների հրավերով կմասնակցի Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը։

«Կողմերը քննարկել են նաև ապագա համագործակցության խորացման հեռանկարները։ Նրանք նաև քննարկել են «Ղրիմի պլատֆորմի» նիստերի ընթացքում Լոնդոնում երկկողմ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը»։

Հանդիպման ժամանակ ուկրաինացի դիվանագետը Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինայի արևելքում առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Բացի այդ, Ուկրաինայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը միջազգային ֆորումներում Ուկրաինային ցուցաբերած աջակցության և տրամադրված մարդասիրական օգնության համար և պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ խորհրդարանական հարաբերությունները։

Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել են նաև Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի հետ և Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի ընթացքում հետագա հարաբերությունների օրակարգը, ասվում է Վրաստանի խորհրդարանի կողմից տարածված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ