Նիկոլա Սարկոզին սկսել է իր պատիժը կրել Փարիզի Լա Սանտե բանտում
Նիկոլա Սարկոզին սկսել է իր պատիժը կրել Փարիզի Լա Սանտե բանտում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին սկսել է իր պատիժը կրել Փարիզի Լա Սանտե բանտում։

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտախցերից լսվում էին բանտարկյալների գոռոցներ. «Բարի գալուստ», «Սարկոզին այստեղ է»։

Նիկոլա Սարկոզին ինքը՝ ձերբակալությունից առաջ, սոցիալական ցանցերում գրել էր, որ անմեղ է։

«Անմեղ մարդ է ձերբակալվել։ Ես որևէ առավելություն կամ արտոնություն չեմ խնդրում։ Ճշմարտությունը կհաղթանակի», – գրել է Նիկոլա Սարկոզին։

Բացի այդ, բանտի տնօրենի խոսքով, Սարկոզին մենակ կլինի իր խցում։ Նա հնարավորություն կունենա օրական երկու անգամ զբոսնել և այցելել հանգստի կենտրոն, բայց առանց այլ մարդկանց հետ շփվելու։ Սարկոզիի փաստաբանները պահանջում են նրա ազատ արձակումը։ Վերաքննիչ դատարանը երկու ամիս ժամանակ ունի գործը վերանայելու համար։

Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական ֆինանսավորում ստանալու փորձի հետ կապված հանցավոր դավադրության մեջ։ Դատարանը նաև արդարացրեց նրան այլ մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայից և ընտրարշավի անօրինական ֆինանսավորումից։ Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-ից 2012 թվականներին։