Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում:
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար:
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են Լեռնային Ղարաբաղը:
Մենք պայքարեցինք մինչև վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- գրում է Փաշինյանը: