Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Յոհան Վադեֆուլի հետ

20:04, 18.11.2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Գերմանիայի աջակցության կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում։
Հայաստանի վարչապետի հայտարարությամբ՝ Եվրամիության անդամ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է, իսկ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է ակտիվ և պարբերաբար։
Իր հերթին Վադեֆուլը հաստատել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ընդլայնման կարևորության մասին։
Միևնույն ժամանակ Վադեֆուլն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգետիկայի ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորությունները։ Խոսք է գնացել Հայաստանի և Եվրամիության միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով ձեռնարկված քայլերի մասին։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և ընթացիկ գործընթացների վերաբերյալ։

Նմանատիպ