Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի մոտ միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությամբ

19:39, 27.05.2021

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի մոտ միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությամբ:

Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նույն ելույթում Փաշինյանն ասաց, որ իրավիճակը Գեղարքունիքի մարզում լարված է, և «լայնամասշտաբ բախման վտանգ կա»:

«Մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ, որ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է մայիսի 12-ից: Երևանը պնդում է, որ ադրբեջանական զինուժը ապօրինի հատել է Հայաստանի սահմանը և մինչ օրս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում, ինչը հերքում են Բաքվում:

Մայիսի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վեց հայ զինծառայող է ձերբակալել: Բաքուն պնդում է, որ նրանք ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը: Հայաստանում հաստատել են զինվորականների ձերբակալման փաստը, սակայն նշվել է, որ նրանք գտնվում էին Հայաստանի տարածքում:

Նմանատիպ