Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնության եկան շարունակել խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ երկկողմանի ուղիղ շփումների միջոցով
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը և Ալիևը ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի և ՀՀ-ի ու ԱՀ-ի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և այլ ապրանքների տարանցումը երրորդ երկրներից Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումը նշվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։
Պետությունների ղեկավարները նաև ողջունել են իրենց գործարար համայնքների միջև շփումները և մտքեր են փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը նշել են համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործում և ընդգծել են նրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Պետությունների ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ճանապարհի» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել դրա շրջանակներում նախագծերի կապակցման կարևորությունը։
Առաջնորդները ողջունել են խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ վստահության ամրապնդմանն ուղղված շփումները՝ նշելով դրանց ներդրումը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։