Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և ԵՄ-ի շփումները երբեւիցե այսքան ինտենսիվ չեն եղել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հետ հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի եւ ԵՄ միջեւ ծավալված ակտիվ համագործակցության և համատեղ ծրագրերի վերաբերյալ: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 1,5 ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի եւ ԵՄ-ի շփումները երբեւիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա եւ ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարեւորությունը: «Հայաստանը հետեւողական եւ կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման եւ նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար եւ այստեղ չափազանց կարեւոր է ԵՄ-ի աջակցությունը: Այս համատեքստում ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2,6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին», – ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, նշված գումարը ծախսվելու է յոթ ծրագրերի իրականացման վրա:
«Այդ ծրագրերի շարքում են Հյուսիս-Հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության եւ առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը, ջրային եւ կրթական ենթակառուցվածքների ձեւավորումը:
« Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը», – ասաց Նիկոլ Փաշինյանը: