Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պետք է Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Իրանին, Եվրամիությանը, Վրաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, և այս բոլոր գործընկերները պետք են մեզ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեն Հայաստանում կարող է անցկացվել այն դեպքում, եթե Հայաստանը Եվրոպական միությանը դիմի անդամակցության հայտով, իսկ առայժմ երկիրն այլընտրանքների ձևավորման գործընթացում է:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուզում է, որ երկիրն այլընտրանքի հարցը որոշի այսօր:
«Մենք ներկայումս այլընտրանքի ձևավորման գործընթացում ենք: Այս հարցը մեր ժողովրդին հիմա չենք կարող տալ: Դրա համար Հայաստանը առնվազն պետք է դիմի Եվրոմիությանը անդամակցության հայտով կամ ունենա թեկնածուի կարգավիճակ: Այն ժամանակ հանրաքվեի անցկացումը տրամաբանական և անհրաժեշտ կլինի», – պարզաբանել է Հայաստանի վարչապետը:
Ինչպես նշում է Փաշինյանը, «Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության շուկաներ հայկական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ «Հայաստանը որոշել է ունենալ քաղաքական և տնտեսական այլընտրանք»:
«Հայաստանը փաստաթղթեր է ստորագրել ռազմավարական հարաբերությունների մասին Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ: Անցյալում Հայաստանը չուներ կամ չէր կարող նման հարաբերություններ ունենալ այլ գործընկերների հետ: Սա է խնդիրը: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի զգացմունքների մասին, սակայն կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիրը հենց դրանում է տեսնում՝ կա՛մ բացառիկ հարաբերություններ, կա՛մ դրանք ընդհանրապես չպետք է լինեն: Մենք այս մոտեցումը չենք կիսում և ասում ենք, որ հարաբերությունները չեն կարող բացառիկ լինել, բայց դրանք պետք է լինեն: Սա մեր լեգիտիմ դիրքորոշումն է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, Հայաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն կարծիքների վրա, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի լավ, թե վատ գործընկեր է:
«Ինչո՞վ էր Հայաստանը վատ գործընկեր 2022 թվականին, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» չկատարեց իր պարտավորությունները, ռուս խաղաղապահները Ղարաբաղում չկատարեցին իրենց պարտավորությունները: Ո՞ւմ ի՞նչ է արել Հայաստանը, որ Բելառուսի նախագահը հայտարարեց, թե ում է պետք Հայաստանը: Ինչպե՞ս կարելի է նման բան ասել ինքնիշխան երկրի մասին: Եվ հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանը: Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, Եվրոմիությանը, Վրաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, և այս բոլոր գործընկերները պետք են մեզ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: