Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ պաշտոնական Երևանը դեմ է խաղաղության և խաղաղարար պայմանագիր կնքելուն:
«Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում ասվում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա», – ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը խոսում է միջանցքի մասին՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը խափանելու համար:
«Ադրբեջանը հայտարարություններ է անում միջանցքի մասին, որպեսզի խափանի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Պաշտոնական Բաքուն փորձում է շարունակել Հայաստանի շրջափակման 30-ամյա քաղաքականությունը, բայց մենք շարունակում ենք աշխատել խմբի մեջ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, այս շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք տարածաշրջանային հաղորդակցություն բացել», – ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, «Ադրբեջանը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, որ պաշտոնական Երևանը դեմ է սահմանի սահմանագծմանը և սահմանազատմանը, բայց իրականում ամեն ինչ հակառակն է, և Բաքուն արդարացնում է Ադրբեջանի զինված ուժերի գտնվելը Հայաստանի ինքնիշխան տարածքում: