«Կոալիցիա փոփոխությունների համար» շարժման առաջնորդներից Նիկա Մելիայի խափանման միջոցը՝ գրավը, փոխարինվել է կալանքով։ Այս որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն։
Խափանման միջոցի փոփոխության պատճառ է դարձել գրավի չվճարումը։
Դատավորի խոսքով՝ Նիկա Մելիան դիտավորյալ չի վճարել գրավը, և վճարման վերջնաժամկետը լրացել է։ Շվանգիրաձեն նշել է նաև, որ Մելիայի անունով գրանցված է անշարժ գույք, որով նա կարող էր ապահովել գրավի վճարումը։ Բացի այդ, դատարանը հաշվի է առնում մեղադրյալի վարքագիծը՝ նրա խոսքով, Նիկա Մելիան օրենքին չհնազանդվող քաղաքացի է։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով Նիկա Մելիային ապրիլի 29-ին որպես խափանման միջոց սահմանվել էր 50,000 լարիի գրավ։ Հանձնաժողովի դիմումի հիման վրա, դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ ժամանակավոր հանձնաժողովի պահանջի չկատարման համար։ Այս արարքը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մինչև երեք տարի պաշտոնավարելու իրավունքից զրկմամբ։
Բացի այդ, Նիկա Մելիան մայիսի 29-ին վարչական կարգով ձերբակալվել է։ ՆԳՆ-ի համաձայն՝ նա ձերբակալվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի հիմքով, որը ենթադրում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բանավոր կամ այլ վիրավորական գործողություններ՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կամ դրա կապակցությամբ։