Նիկա Մելիա․ Ներկա պահին ընդդիմադիր կուսակցությունների կեսը լրջորեն մտածում է տեղական ընտրություններին մասնակցելու մասին
Ներկա պահին ընդդիմադիր կուսակցությունների գրեթե կեսը լրջորեն մտածում է տեղական ընտրություններին մասնակցելու մասին, – այս մասին հայտարարել է «Կոալիցիա փոփոխության համար» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան։
Նիկա Մելիան չի հստակեցնում, թե որոնք են այդ կուսակցությունները։
«Մենք ամեն ինչ անում ենք, այդ թվում՝ ես ինքս, որպեսզի դա տեղի չունենա, որովհետև խորհրդարանական բոյկոտի գինը, կարծում եմ, ապրիլին բոլորս շատ լավ հասկացանք և տեսանք դրական իմաստով, թե որքան մեծ առավելություն ունի այժմ վրաց ժողովուրդը այս անհավասար պայքարում։ Եթե չլիներ խորհրդարանական բոյկոտը, այսօր մեկ մարդ էլ կանգնած չէր լինի՝ ընդհանրապես ոչ ոք։ Միգուցե մեկ շաբաթ ընդվզեր ինչ-որ մեկը, եթե ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտի չդիմեին։ 2020–21 թվականների փորձը պետք է դաս լինի մեզ համար», – ասել է Նիկա Մելիան «TV Պիրվելիի» եթերում։
Բացի այդ, Նիկա Մելիան պարզաբանել է, որ ընդդիմության շրջանակում շատերը չունեն պատասխան այն հարցին, թե արդյոք, եթե ոչինչ չփոխվի, նրանք մասնակցելու են տեղական ընտրություններին։
«Ինչքան էլ հարգեմ ցանկացած գործընկեր քաղաքական գործչի, չեմ կարող լիովին վստահել, քանի դեռ իմ կողմից տրված հարցին՝ եթե ոչինչ չփոխվի, արդյոք մասնակցելու ենք տեղական ընտրություններին, պատասխան չկա։ Երբ տալիս ես այդ հարցը, և պատասխանը չկա, այո, դա ինձ մտածելու տեղիք է տալիս, որ շատերը իսկապես մտածում են։ Հակառակ դեպքում ի՞նչ խանգարում է այդ հարցին պատասխան տալուն», – նշել է Նիկա Մելիան։