ՆԳ նախարարությանը կոչ ենք անում ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և կատարել օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները. «Ազգային շարժում»
Կոչ ենք անում ՆԳ նախարարությանը և համապատասխան կառույցներին ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և կատարել օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները,- այս մասին ասված է «Ազգային շարժման» տարածած հաղորդագրության մեջ։
Կուսակցությունը պնդում է, որ Ներքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ սխալ են մեկնաբանված Վրաստանի օրենսդրության նորմերը, ինչը, ըստ «Ազգային շարժման», ուղղված է հայտարարված հանրահավաքը կանխելուն և խաղաղ ցուցարարների ձերբակալման մասին տեղեկություն տարածելուն։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և ցույցերի ազատություն։
«2021 թվականի նոյեմբերի 14-ին, «Ազգային շարժումը» հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Վրաստանի ՆԳ նախարարությունը նախապես հայտարարել է, որ երթի մասնակիցները խախտում են Վրաստանի օրենքն ու Սահմանադրությունը։ Հայտարարությունը սխալ է մեկնաբանում վրացական օրենսդրության նորմերը՝ ուղղված հայտարարված հանրահավաքը կանխելուն և հայտարարում է խաղաղ ցուցարարների ձերբակալման մասին։
Վրաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածի առաջին պարբերությունը պաշտպանում է հավաքների ազատությունը. «Յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն անձանց, ովքեր հանդիսանում են պաշտպանության ուժերի անդամներ կամ պետական կամ հասարակական անվտանգության պաշտպանության համար պատասխանատու մարմնի աշխատակիցներ, իրավունք ունի հավաքներ անցկացնել հրապարակային, առանց նախնական թույլտվության»։
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և մանիֆեստացիաների ազատության իրավունք: Ըստ այդմ, պետությունը պարտավոր է ոչ միայն պաշտպանել խաղաղ հավաքը, այլև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու անձանց կողմից նշված իրավունքի արդյունավետ իրացումը։
«Ազգային շարժում»-ը հրապարակային հայտարարություն է տարածել՝ նախապես զգուշացնելով բոլոր պատկան մարմիններին, որ վերոնշյալ խաղաղ երթը տեղի է ունենալու սահմանափակ ժամանակով՝ ժամը 15:00-ից 17:00-ն։
Նախազգուշացման մեխանիզմի միակ նպատակն է թույլ տալ պետական մարմիններին համապատասխան միջոցներ ձեռնարկել հավաքների և/կամ ցույցերի իրավունքի իրացումն ապահովելու համար:
Կոչ ենք անում ՆԳՆ-ին և համապատասխան կառույցներին ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և օրենքով իրենց վրա դրված պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «հավաքի կամ ցույցի մասնակիցների թվի պատճառով երթևեկելի հատվածը փակելու անհրաժեշտության դեպքում համապատասխան քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է. ապահովել նրանց անվտանգությունն ու այլընտրանքային երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ։
«Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի խոսքով՝ կուսակցության կազմակերպմամբ, այսօր քաղաքացիները կհավաքվեն «Ավլաբարի» մետրոյի մոտ և կփակեն ճանապարհը Քուռ գետի երկու ափերին։
Միևնույն ժամանակ, ՆԳ նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել հանրահավաքի առնչությամբ, որում նշվում է, որ «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրահավաքի մասնակիցներին արգելվում է դիտավորյալ խոչընդոտներ ստեղծել տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։ Գերատեսչության տվյալներով՝ նույն օրենքի 11-րդ հոդվածի պրիմա հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է տրանսպորտային միջոցներով, տարբեր շինություններով և/կամ առարկաներով երթևեկելի մասի արգելափակումը։