Ներքին գործերի նախարարությունը գործարար Լևան Ջանգվելաձեի սպանության կազմակերպիչ է անվանել Օթար Պարցխալաձեին
Ներքին գործերի նախարարությունը գործարար Լևան Ջանգվելաձեի սպանության կազմակերպիչ է անվանել Օթար Պարցխալաձեին

Բիզնեսմեն Լևան Ջանգվելաձեի սպանության կազմակերպիչ ՆԳՆ‑ն անվանել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարձխալաձեին։

Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն։ Նրա խոսքով՝ Ջանգվելաձեի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված է։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված հարյուրավոր քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, թե ով էր ղեկավարում կազմակերպված խումբը, որը կատարել է Լևան Ջանգվելաձեի պատվերով և շահադիտական սպանությունը։ Հետևաբար, տվյալ քրեական գործը այս ուղղությամբ կարող ենք հայտարարել ամբողջությամբ բացահայտված։

Մեր կողմից ձեռք բերված ապացույցների հիման վրա Վրաստանի գլխավոր դատախազության կողմից ընդունվել է որոշում Օթար Ռոմանով Փարձխալաձեին որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Քննությամբ պարզվել է, որ ժամանակի ընթացքում հանցավոր խմբավորում դարձած անձանց շրջանակը և այդ խմբավորման առաջնորդները՝ Օթար Ռոմանով Փարձխալաձեն ու նրա վստահված անձինք՝ եղբայրներ Դավիթ և Գիորգի Միքաձեները, բիզնես գործունեության հետ կապված որոշակի անհամաձայնություններ և հակամարտություն են ունեցել Լևան Ջանգվելաձեի հետ և վերջինիս հետ երկարատև հակասության մեջ գտնվող այլ անձանց պատվերով կազմակերպել են Լևան Ջանգվելաձեի սպանությունը։

Լևան Ջանգվելաձեի դիտավորյալ սպանությունը ղեկավարել է, որպես ստեղծված հանցավոր խմբի անվիճելի առաջնորդ, Օթար Ռոմանով Փարձխալաձեն։ Նրա ցուցումով և հանձնարարությամբ եղբայրներ Դավիթ և Գիորգի Միքաձեները իրենց հերթին կապ են հաստատել իրենց ընկեր և վստահված անձ Գիորգի Ջոխաձեի հետ, որին հայտնել են սպանության կատարման ծրագիրը։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու, ծրագրավորված պատվերով սպանությունը կատարելու նպատակով նրանց կողմից հայտնաբերվել է Գիորգի Ջոխաձեի անվտանգության նախկին աշխատակից Գելա Ուձիլաուրին։

Հանցավոր խմբավորման կողմից նաև ձեռք է բերվել տեղեկություն Լևան Ջանգվելաձեի Վրաստան ժամանելու ճշգրիտ ժամանակի և տեղաշարժի երթուղու մասին, որից հետո Գելա Ուձիլաուրին 2025 թվականի մարտի 14-ին Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում, պատվերով և շահադիտական դրդապատճառներով սպանել է Լևան Ջանգվելաձեին, իսկ նրան ուղեկցող անձին նույն հրազենից մարմնական վնասվածք է պատճառել։

Տվյալ գործով իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, կատարվել են տասնյակ փորձաքննություններ, հարցաքննվել են տասնյակ վկաներ, առգրավվել են բազմաթիվ նյութական ապացույցներ, և նման գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ համապատասխան ապացուցողական չափանիշով ձեռք են բերվել ինչպես հանցավոր խմբավորման ղեկավարի, այնպես էլ նրա խմբի անդամների կողմից Լևան Ջանգվելաձեի սպանության կատարումը հաստատող անհերքելի ապացույցներ։

Հասարակությանը հայտնի է, որ տվյալ գործով հանցագործության անմիջական կատարող Գելա Ուձիլաուրին սպանությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Նրա նկատմամբ ընթացիկ տարվա հոկտեմբերի 24-ին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և Ուձիլաուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Գործով ձերբակալված են նաև Գիորգի Միքաձեն, Մամուկա Բաղդավաձեն, Գիորգի Կաչկաչաշվիլին, իսկ Դավիթ Միքաձեի և Գիորգի Ջոխաձեի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Ձերբակալվել է նաև նրանց նախկին ընկերը՝ Սանդրո Ծիվծիվաձեն, որի անունով նախկինում գրանցված է եղել Լևան Ջանգվելաձեի սպանության գործիք հանդիսացող զենքը։

Նշված մեղադրյալների նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է գործի էության քննությունը։

Ինչ վերաբերում է հանցավոր խմբի ղեկավար Օթար Ռոմանով Փարձխալաձեին, ապա դատախազի կողմից ընդունված համապատասխան որոշման համաձայն նրան մեղադրանք է առաջադրվել Լևան Ջանգվելաձեի պատվերով և շահադիտական դրդապատճառներով դիտավորյալ սպանության կազմակերպման համար՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 25/109-րդ հոդվածի «ն» ենթակետով, որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Մեղադրանքի կողմը օրենքով սահմանված ժամկետում դատարան կներկայացնի միջնորդություն Օթար Ռոմանով Փարձխալաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, և նրա նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում»,- հայտարարել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։