Ներքին գործերի նախարարության առափնյա պաշտպանության ծառայությունը Վրաստանի տարածքային ջրերում հյուրընկալում է ՆԱՏՕ-ի ռազմանավերը
Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության, առափնյա պաշտպանության ծառայությունը, Վրաստանի տարածքային ջրերում հյուրընկալում է ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ ծովային ստորաբաժանումը (SNMG2): ՆԳ նախարարության տեղեկությամբ, ստորաբաժանումն ընդգրկում է առաջատար CRISTOBAL COLON (Իսպանիա), REGINA MARIA (Ռումինիա), KEMALREIS (Թուրքիա) և SMELI (Բուլղարիա) նավերը: Միավորումը ղեկավարում է կոնտրծովակալ Մանուել Ագիրե Ալդերեգիան:
Գերատեսչության տվյալներով, նավահանգստային այցը նպատակ ունի բարելավել Վրաստանի նավատորմի և դաշինքի անդամ և գործընկեր երկրների փոխգործունակությունը:
«Կորոնավիրուսային համավարակի ֆոնին, ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ ռազմածովային ստորաբաժանման այցը Վրաստան, հստակ աջակցման ուղերձ է մեր երկրին: Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային միավորումների այցերը Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ կրում են պարբերական բնույթ, ինչը Սևծովյան անվտանգության ամրապնդման գործում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շոշափելի արդյունքներից մեկն է:
Միավորման այցը Վրաստան իրականացվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականներին լիովին համապատասխան: COVID 19-ի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, հանդիպումները կանցկացվեն հեռակա կարգով, իսկ պլանային համատեղ վարժանքները կիրականացվեն միայն նավերի մանևրներով, առանց անձնակազմի փոխգործակցության:
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրերը կլքեն մարտի 18-ին, ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության առափնյա պաշտպանության հետ նախատեսված զորավարժությունների ավարտից հետո», – ասված է հայտարարության մեջ:
