ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի նիստին ուկրաինական կողմը բարձրացնելու է Սև ծովում պարեկության անհրաժեշտության հարցը

ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի նիստին ուկրաինական կողմը բարձրացնելու է Սև ծովում պարեկության անհրաժեշտության հարցը: Ուկրաինական մամուլի տեղեկությամբ, այս մասին հայտարարել է եվրաինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն:

Ուկրաինայի փոխվարչապետի հայտարարությամբ, Սև ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական նավերի պարեկությունը արդեն վաղուց է դաշինքի ներքին քննարկման հարց է:

ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի նիստը կայանալու է դեկտեմբերի 4-5-ին նախատեսված ՆԱՏՕ-ի արտաքին մինիստերիալի շրջանակներում:

Ուկրաինայի փոխվարչապետը Ռուսաստանի կողմից ձերբակալված ուկրաինացի ծովագնացներին անվանել է ռազմագերիներ:

Մինչ այդ, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՆԱՏՕ-ին կոչ էր արել, Ազովի ծով ուղարկել մի քանի նավ, որպեսզի օգնի Ուկրաինայի անվտանգության ապահովմանը: Նշված հայտարարությունը նա արել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին ռուսական նավերը Ուկրաինայի նավերի  ուղղությամբ Օդեսայի նավահանգստից Մարիուպոլի նավահանգիստ ուղևորվելու ժամանակ կրակ էին բացել: Միջադեպի հետևանքով տուժել էր մի քանի ուկրաինացի ծովագնաց: Ռուսաստանը ձերբակալել էր երեք ուկրաինական նավ և 24 ուկրաինացի ծովագնացի: Քերչ  նեղուցի մոտ զարգացած իրադարձություններից հետո Ուկրաինան հայտարարել է 30-օրյա ռազմական դրություն: