ՆԱՏՕ-ն հնարավորություն կունենա Ռուսաստանի տարածքը զննել անօդաչու թռչող սարքերով
Հյուսիս Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար, Ենս Սթոլթենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ն հնարավորություն կունենա Ռուսաստանի տարածքը զննել անօդաչու թռչող սարքերով:
Ինչպես Սթոլթենբերգը ասել է «Վարդեն Գանգ» թերթին տված հարցազրույցում, խոսքը վերաբերում է «Ար քյու ֆենիքս» դրոնին: ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող զննման առաջին կայանը գործի է դրվել անցած շաբաթ Իտալիայում:
«Այս սարքերը թռչելու են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում, սակայն նրանք հնարավորություն ունեն տեսնել, թե ինչ է կատարվում մեր հարևան պետություններում, ինչպես նաև ավելի լավ իմանալ, թե ինչ է կատարվում սահմանի մյուս կողմում»,- ասել է Ենս Սթոլթենբերգը: Հրատարակչությունը գրում է, որ նոր անօդաչու սարքերով ՆԱՏՕ-ն կկարողանա տեսնել թե ինչ իրավիճակ է Ռուսաստանի սահմանից 200 կմ. հեռավորության վրա: «Եթե մենք այս սարքերն ունենայինք 2014 թվականին, երբ Ռուսաստանը ռազմական ուժ կիրառեց Ուկրաինայի դեմ և բռնազավթեց Ղրիմը, ապա կունենայինք ճշգրիտ տեղեկություններ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Սիցիլիայում գտնվող կայանում գտնվում է երկու «Ար քյու ֆենիքս» մակնիշի երկու դրոն: ՆԱՏՕ-ի անօդաչու հետախուզության համակարգը կսկսի գործել մի քանի ամսից:
Ըստ Սթոլթենբերգի, «նոր համակարգը թույլ կտա դաշինքին վերահսկել իրավիճակը Արկտիկայից մինչև Սահալին և Ատլանտյան օվկիանոսից մինչև Արևելյան Եվրոպա»:
ՆԱՏՕ-ի տվյալներով «Ար քյու ֆենիքս» դրոների գործելու շառավիղը 16 000 կմ. է: Նրանք կարող են թռչել 30 ժամ առանց լիցքավորելու կամ վայրէջք կատարելու: Նրա թռիչքի բարձրությունը 18 000 մետր է, իսկ առավելագույն արագությունը ՝ 575 կմ/ժամ: