Նաթիա Թուրնավան մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպման շրջանակներում անցկացված քննարկմանը
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, Նաթիա Թուրնավան մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպման շրջանակներում անցկացված բարձր մակարդակի քննարկմանը:
«Թվային Եվրոպա և Կենտրոնական Ասիա. Բաց ապագայի համար» քննարկմանը մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի փոխնախագահներ Աննա Բիերդը և Մախթար Դիոպը, ինչպես նաև տարածաշրջանի պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նշվեց, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններում, Covid-19 համաճարակն օգնեց արագացնել թվային վերափոխման գործընթացը: Միևնույն ժամանակ, կարևորվեց տարածաշրջանի երկրներում թվային տեխնոլոգիաների զարգացման առջև ծառացած մարտահրավերները և օրակարգ մտցվեց լրացուցիչ ներդրումների անհրաժեշտությունն ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր սեկտորում թվային վերափոխմանը օժանդակելու համար, որպեսզի երկրները կարողանան ոչ միայն հաջողությամբ պայքարել համաճարակի դեմ, այլև շարունակել կայուն զարգացումը:
Իր խոսքում Նաթիա Թուրնավան շեշտը դրեց երկրում թվային տնտեսության զարգացման վերաբերյալ Վրաստանի կառավարության ռազմավարության և գործողությունների ծրագրի վրա: Այդ թվում, նախարարը խոսեց կառավարության որոշման մասին, որը թույլ է տալիս ընկերություններին ձեռք բերել «միջազգային ընկերության» կարգավիճակ, իսկ միջազգային ընկերությունների համար ստեղծում է հարմարավետ հարթակ Վրաստանում աշխատելու համար: ՏՏ ոլորտն այն արդյունաբերությունն է, որտեղ աշխատող ընկերությունների վերաբերում են այս արտոնությունները: Նախարարի գնահատմամբ, արտոնությունները տեղական ընկերությունների համար խթաններ կստեղծեն զարգանալու և ընդլայնվելու համար, ինչը, իր հերթին, կօգնի ստեղծել նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր:
Ըստ նրա, սա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, որպեսզի միջազգային խոշոր ընկերությունները հետաքրքրվեն Վրաստանով և երկիրը մրցակցի աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների հետ`թե օրենսդրության, թե հարկային բազայի տեսանկյունից:
Մեկ այլ նախաձեռնություն, որի վրա կենտրոնացել է Նաթիա Թուրնավան, Համաշխարհային ինտերնետ ծրագիրն է և «Log in Georgia» նախագիծը, որը պատրաստել է Վրաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նախագիծն ապահովում է լայնաշերտ ինտերնետային ցանցերի հասանելիությունը մարզերում: Նախարարի խոսքով, որակյալ և անխափան ինտերնետ կապի անհրաժեշտությունն էլ ավելի կարևոր դարձավ COVID-19 համաճարակի համատեքստում, երբ հասարակության մի ստվար զանգված անցավ թվային աշխատանքային հարթակների: Ըստ նրա, «Log in Georgia» նախագծի շրջանակներում տարբեր միջոցառումներ ուղղված են բնակչության ինտերնետային հասանելիության բարելավմանը, ներառյալ Վրաստանում լայնաշերտ ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի աջակցությունը:
Նախարարի հայտարարությամբ, Վրաստանը մեծ ներուժ ունի ՝ շնորհիվ երկրի աշխարհագրական դիրքի և լիբերալ և գրավիչ բիզնես միջավայրի, դառնալու տարածաշրջանային թվային հանգույց, որը կօգնի հաղթահարել միջազգային տվյալների հասանելիության և երկրում ՏՏ հնարավորությունների զարգացման մարտահրավերները: Նրա խոսքով, կառավարությունը քննարկում է թվային միջանցքների և տվյալների մշակման կենտրոնների զարգացման մեջ ներդրումներ ներգրավելու հնարավորությունը, որը կծառայի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Նաթիա Թուրնավան մանրամասնորեն խոսեց նաև երկրում նորարարության և տեխնոլոգիայի զարգացման համար անհրաժեշտ էկոհամակարգը զարգացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Նախարարը խոսեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող Ազգային նորարարական էկոհամակարգ (GENIE) ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող գործունեության մասին: Ներառյալ ստարտափներին օժանդակելը և միջազգային շուկաներ նրանց մուտքը դյուրին դարձնելը: