Նաթիա Թուրնավա. Վրացական բանկերի կողմից Nasdaq Calypso հարթակի ներդրման նպատակն է նպաստել ֆինանսական հատվածի զարգացման հաջորդ փուլին
«The Banker» միջազգային ֆինանսական հրատարակությունը հարցազրույց է հրապարակում Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավայի հետ՝ երկրի հինգ խոշորագույն առևտրային բանկերի կողմից Nasdaq Calypso համակարգի ներդրման վերաբերյալ: Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային բանկը:
Ինչպես Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան հայտնել է «The Banker»-ին, նախագծի նպատակն է արագ աճող, սակայն արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի, փոքր բաց տնտեսությունում նպաստել ֆինանսական հատվածի զարգացման հաջորդ փուլին:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ՝ Վրաստանի տնտեսության կայուն աճը բանկերի և նրանց հաճախորդների համար էլ ավելի արդիական է դարձրել արտարժութային, տոկոսադրույքային և իրացվելիության ռիսկերի արդյունավետ կառավարումը: Սա հատկապես կարևոր է այն ֆոնին, երբ երկիրը նպատակադրված է ներգրավել ավելի շատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ և ֆինանսական հոսքեր կապիտալի շուկայում:
«Այս նախաձեռնությունը ոչ թե պարզապես ծրագրային ապահովման նախագիծ է, այլ շուկայի զարգացման նախագիծ, որն ուղղված է բանկային համակարգի մեծ մասում ընդհանուր չափանիշների ստեղծմանը: Երբ բանկերն աշխատում են ընդհանուր չափանիշներով և ավելի ավտոմատացված գործընթացներով, տվյալներն ավելի վստահելի են: Ավելի լավ տեղեկատվությունը Ազգային բանկին հնարավորություն կտա վաղ փուլում հայտնաբերել սպասվող կենտրոնացումները կամ սթրեսային կետերը և, օգտագործելով ավելի ամբողջական տվյալներ, իրականացնել համապատասխան արձագանքում», – նշել է Նաթիա Թուրնավան «The Banker»-ի հետ զրույցում:
Nasdaq Calypso-ի ընդհանուր հարթակը, որն ապահովում է բանկային հատվածի հետագա աճին նպաստելու համար անհրաժեշտ հուսալի, միջազգային մակարդակի ենթակառուցվածք, կներդրվի Վրաստանի ազգային բանկի աջակցությամբ և Վրաստանի ֆինանսական շուկաների գանձապետարանների ասոցիացիայի հովանու Ներքո: Նշված նախաձեռնությունն իրականացվում է «Վրաստանի ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» (GMAP) շրջանակներում: