Մոսկվայի քաղաքային դատարանը «Իվ Ռոշեյի» գործով Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատիժը փոխել է բանտարկությամբ
Մոսկվայի քաղաքային դատարանը «Իվ Ռոշեյի» գործով Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատիժը փոխել է բանտարկությամբ և նրան դատապարտել 3,5 տարով ազատազրկման:
Հաշվի առնելով մեկ տարվա տնային կալանքը, «Իվ Ռոշեյի» գործով հավանաբար Ալեքսեյ Նավալնին բանտում կանցկացնի 2,5 տարի:
Ընդդիմադիր գործչի համար պայմանական պատիժը իրական բանտարկությամբ փոխելու պահանջով, դատարանին մինչ Նավալնիի ժամանումը դիմել էր Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունը: Դրա պատճառը Նավալնիի կողմից փորձաշրջանի կանոնների խախտումն էր:
Դատախազության տվյալներով, Ալեքսեյ Նավալնին պարտավոր էր առնվազն ամիսը երկու անգամ ներկայանալ տեսչություն, սակայն խախտել է այդ պայմանը: Դատախազ Էկատերինա Ֆրոլովան նշել է, որ քաղաքական գործիչը Գերմանիայում գտնվելու ընթացքում կարողացել է ազատ տեղաշարժվել:
Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությունը տաս օր ունի վճիռը բողոքարկելու համար:
2014 թվականի վերջին Ռուսաստանի դատարանը, եղբայրներ Ալեքսեյ և Օլեգ Նավալնիներին մեղավոր է ճանաչել «Իվ Ռոշեյի» գործով: Օլեգ Նավալնին դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման, իսկ Ալեքսեյ Նավալնին ՝ պայմանական պատժի:
2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ Նավալնի եղբայրների դատավճիռն անհիմն է, և Ռուսաստանի կառավարությանը պարտադրել է վճարել ֆինանսական փոխհատուցում:
Մոսկվայի քաղաքային դատարանում Ալեքսեյ Նավալնիի դատավարությանը զուգահեռ տեղի էր ունենում ցույց: Ըստ իրավապաշտպան «ՕՎԴ ինֆո» կենտրոնի, ցույցի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 350 մարդու: