Մոնղոլիայում հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալել Ռուսաստանից էներգետիկ կախվածության պատճառով
Մոնղոլիան չի կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին, քանի որ երկիրը էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Մոնղոլիան նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը ներկրում է մեր անմիջական հարևաններից (կա միայն երկու հարևան՝ Ռուսաստան և Չինաստան): Այս մատակարարումը վճռորոշ է մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ Մոնղոլիան «միշտ հետևել է դիվանագիտական հարաբերություններում չեզոքության քաղաքականությանը, ինչը հաստատում են մինչ այժմ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները»։
Տեղեկության համար, քանի որ 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել, սա ՌԴ նախագահի առաջին այցն է այս դատարանի անդամ երկիր։
Ըստ ԶԼՄ-ների, Մոնղոլիայի իշխանությունները վստահեցրել են Պուտինին, որ նրան չեն ձերբակալի։