Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել է «Մեծ Մոլդովա» կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 28-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի «Փառավոր Մոլդովա» կուսակցությունը, որը կասկածվում է ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ։
Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, երկրի ոստիկանությունն, անվտանգության ծառայությունն ու հետախուզությունը ունեն ապացույցներ, որ «Փառավոր Մոլդովա» կուսակցությունը ֆինանսավորում ստանալու համար օգտվել է ապօրինի աղբյուրներից և օտարերկրյա միջոցներից։
Բացի այդ, կուսակցության անդամները կասկածվում են ընտրողների համար գումար բաժանելու մեջ՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։ Մոլդովայի իշխանությունները նաև կասկածում են, որ «Փառավոր Մոլդովա»-ն գործել է որպես երկրում արգելված «Շոր» կուսակցության ժառանգորդ կազմակերպություն։
Կուսակցության ղեկավարը՝ երկրի նախկին դատախազ Վիկտորիա Ֆուրտունան, ԿԸՀ որոշումը անվանել է կողմնակալ և խոստացել է այն բողոքարկել։ Ֆուրտունայի նկատմամբ Եվրամիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ։ Նա մեղադրվում է Մոլդովայից փախած օլիգարխ Իլան Շորի աջակցությունն ընդունելու մեջ։
Մինչ այդ, Մոլդովայի ընտրություններին մասնակցությունը արգելվել էր նաև «Մոլդովայի սիրտ» կուսակցությանը, որը մտնում էր երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի ռուսամետ բլոկի կազմում։
Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում կկայանան սեպտեմբերի 28-ին։ Ընտրություններից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել քաղաքացիներին աջակցել եվրոպամետ ուժերին։ Սանդուի խոսքով՝ եթե ընտրություններում հաղթեն ռուսամետ ուժերը, Մոլդովան կտրվի Եվրոպայից և կարող է վերածվել Օդեսայի շրջանում Ռուսաստանի ռազմական գործողությունների համար հենակետի։
Իր հերթին Ռուսաստանը հայտարարել է, որ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։