Մոլդովան որոշել է փակել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Ռուսական տունը»
Մոլդովայում «Ռուսական տուն» ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը կփակվի։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը չեղարկելու որոշումը, որը նախատեսում էր մշակութային կենտրոնների ստեղծում։ Նախագծի համաձայն՝ Քիշնևում գտնվող այսպես կոչված Ռուսական տունը (Ռուսական գիտության և մշակույթի կենտրոն) պետք է փակվի։
Ինչպես նշել է Մոլդովայի մշակույթի նախարար Քրիստիան Ջարդանը, այս կենտրոնը բացվել է 1998 թվականին՝ Ռուսաստանի և Մոլդովայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որի ժամկետը լրանում է 2026 թվականին։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը չի երկարաձգվի։
Մոլդովայի կառավարության տվյալներով՝ այսպես կոչված Ռուսական տունը Կրեմլի հիբրիդային ազդեցության գործիք է։ Միևնույն ժամանակ, Քիշնևը պնդում է, որ Մոլդովայի մշակութային կենտրոնը չի գործում Ռուսաստանում։
«Ռոսսատրուդնիչեստվան» հայտարարել է, որ Մոլդովայի մայրաքաղաքում այսպես կոչված Ռուսական տունը ներկայումս շարունակում է գործել սովորականի պես։