Moby-ն հուլիսի 30-ին Վրաստանում համերգ կունենա
Ամերիկացի երաժիշտ Moby-ն հուլիսի 30-ին Վրաստանում համերգ կունենա: Միջոցառումը տեղի կունենա Ռուսթավիի միջազգային ավտոդրոմում, որի կազմակերպիչն է Flitz Collective-ը:
Moby-ն, ում իսկական անունն է Ռիչարդ Մելվիլ Հոլ, բեմում հայտնվել է 1980-ական թվականներից: Իսկ համաշխարհային ճանաչում նրան բերեց 1999 թվականին ձայնագրված Play ալբոմը, որը էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ համարվում է ամենահաջողված գործերից մեկը:
Ալբոմում ներառված են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Porcelain, Natural Blues, Why Does My Heart Feel So Bad? և Bodyrock:
Իր կարիերայի ընթացքում Moby-ն թողարկել է 23 ստուդիական ալբոմ, իսկ նրա ձայնագրությունների վաճառքի քանակը գերազանցում է 20 միլիոնը: Երաժիշտը վեց անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, արժանացել է BRIT Awards-ի և MTV Europe Music Awards-ի բազմաթիվ մրցանակների: Նրա երաժշտությունը հնչում է տասնյակ ֆիլմերում և հեռուստասերիալներում:
Համերգի կազմակերպիչների տեղեկատվությամբ՝ հուլիսի 30-ին Ռուսթավիի միջազգային ավտոդրոմում նախատեսված համերգի մուտքը կսկսվի ժամը 18:00-ից: Համերգին մասնակցություն կունենան SEVDA-ն և Circus Mircus-ը, ինչից հետո բեմ դուրս կգա Moby-ն: