Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում

20:37, 28.09.2026
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին։
«Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցերը։ Խոսքը վերաբերել է սոցիալական պաշտպանության քաղաքականությանը և սոցիալական ծառայություններին, քաղաքացիների համար սոցիալական ծառայությունների հասանելիության և ծառայությունների որակի բարելավման ուղղություններին։
Հանդիպման շրջանակներում կողմերը միմյանց հետ կիսվել են համապատասխան ոլորտներում առկա փորձով ու պրակտիկայով և քննարկել համագործակցության հետագա խորացման հարցերը։ Միխեիլ Սարջվելաձեն այցելել է նաև Հայաստանի Միասնական սոցիալական ծառայություն և Բարեկեցության տեղեկատվական համակարգերի հիմնադրամ։ Նախարարը ծանոթացել է ֆունկցիոնալ հնարավորությունների և սոցիալական կարիքների գնահատման համակարգերի աշխատանքի սկզբունքներին, սոցիալական ծառայությունների մատուցման պրակտիկային և տվյալների համակարգերի թվայնացման ուղղությամբ առկա մոտեցումներին։
Ուշադրություն է դարձվել քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացին, տվյալների արդյունավետ օգտագործմանն ու կարիքներին համապատասխանեցված սոցիալական ծառայությունների սահմանմանը։
Այցի շրջանակներում կայացած հանդիպումներին ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն»,- նշված է Առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ