Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Վոլոդիմիր Զելենսկիին քաղաքացիական ռազմագերիների ցուցակում ընդգրկելու խնդրանքով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ իրեն ներառելու քաղաքացիական գերիների ցուցակում։ Սաակաշվիլիի համապատասխան դիմումը հրապարակվել է նրա պաշտոնական Facebook-յան էջում։ «Ես փորձում եմ չանհանգստացնել ձեզ իմ հարցերով, քանի որ դուք արդեն շատ աշխատանք ունեք։ Ես շնորհակալ եմ ձեր աջակցության համար և այն բանի համար, որ զգում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության, Վերխովնա Ռադայի, ձեր վարչակազմի և մարդու իրավունքների հանձնակատարի մշտական ուշադրությունը։ Բայց հիմա ստիպված եմ դիմել ձեզ, քանի որ երեկ ինձ բանտային հիվանդանոցից, որտեղ բուժվում էի ծանր թունավորման համար, տեղափոխեցին բանտ՝ նույն անձնակազմի մոտ, որը թունավորել էր ինձ։ Իմ թունավորումը 2022 թվականի մարտին տեղի է ունեցել լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Իմ թունավորումը հաստատվել է ամերիկյան և գերմանական լաբորատորիաների կողմից։ Սկզբից Պուտինը պահանջել է ինձնից հատուցում, մինչդեռ Մեդվեդևն ու Լավրովը բազմիցս պարծենում էին իմ բանտարկությամբ։
Սկզբում ես կալանավորվել էի լիովին կեղծված գործով, և Վրաստանի այն ժամանակվա վարչապետը բացահայտ հայտարարել էր, որ այս գործը կապված է Ուկրաինայում իմ գործունեության հետ։ Վերջերս իմ դեմ բացված նոր քրեական գործում, ուրիշների հետ մեկտեղ, ես մեղադրվում եմ թշնամական օտարերկրյա պետության օգտին դիվերսիայի մեջ։ Գործի նյութերում կան ձեր, ինչպես նաև Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները։ Այսինքն՝ Վրաստանի անօրինական կառավարությունը բացահայտորեն Ուկրաինան հայտարարում է թշնամական օտարերկրյա պետություն։ Եվ Սա զարմանալի չէ, քանի որ այս մեծ պատերազմի հենց սկզբից ռուս օլիգարխ Իվանիշվիլին և նրա սպասավորները բացահայտորեն Ռուսաստանի կողմն են անցել։
Այս համատեքստում բացարձակապես պարզ է, որ իմ հետապնդումը և ճակատագիրը կապված են պատերազմի հետ։ Ես Ուկրաինայի քաղաքացի եմ և Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, որտեղ պատիվ եմ ունեցել աշխատել ձեր ղեկավարությամբ։ Ես կցանկանայի խնդրել ձեզ, ինչպես 2019 թվականին, երբ դուք վերադարձրեցիք իմ անօրինականորեն խլված քաղաքացիությունը՝ որպես Օդեսայի տարածաշրջանային պետական վարչակազմի նախկին ղեկավար և Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, որը անօրինական կերպով կալանավորված է Վրաստանի ռուսամետ ռեժիմի կողմից, ներառել ինձ այս պատերազմի քաղաքացիական գերիների ցուցակում՝ համապատասխան իրավական հետևանքներով։
Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն լքում իրենց ժողովրդին, և ես հույս ունեմ ձեզ հետ», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։