Միխեիլ Սաակաշվիլի. 2014 թվականին Իլիա II-ը Պուտինին ասել է, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները չպետք է զոհաբերվեն հանուն մեկ անձի. այդ անձի տակ նկատի ուներ ինձ, սրա վերաբերյալ պատմության գնահատականը խիստ կլինի
Միխեիլ Սաակաշվիլի. 2014 թվականին Իլիա II-ը Պուտինին ասել է, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները չպետք է զոհաբերվեն հանուն մեկ անձի. այդ անձի տակ նկատի ուներ ինձ, սրա վերաբերյալ պատմության գնահատականը խիստ կլինի

«Իլիա Երկրորդը 2014 թվականին Մոսկվայում Պուտինին ասաց՝ չպետք է երկու ժողովուրդների միջև հարաբերությունները զոհաբերել մեկ անձի պատճառով։ Այդ «մեկ անձի» տակ նկատի ուներ ինձ և այն փաստը, որ հենց իմ պատճառով Պուտինը 2008-ին չկարողացավ նվաճել Վրաստանը», – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ պատմությունը խստորեն կգնահատի այս հայտարարությունը։

«Պատրիարք Իլիա Երկրորդը բարդ անհատականություն էր։ 2014 թվականին նա մեկնեց Մոսկվա, հանդիպեց Պուտինին և ասաց հետևյալ արտահայտությունը. «Չպետք է երկու ժողովուրդների միջև հարաբերությունները զոհաբերել մեկ անձի պատճառով»։ Այդ մեկ անձի տակ, բնականաբար, նկատի ուներ ինձ և այն, որ հենց իմ պատճառով Պուտինը 2008-ին չկարողացավ նվաճել Վրաստանը։ Այս հայտարարությունը թող բոլորն ինքնուրույն գնահատեն (պատմության գնահատականը խիստ կլինի)։

Սակայն, մյուս կողմից, ես հիշում եմ նաև, թե ինչպես էր Իլիա Երկրորդն ինձ աջակցում հնգախաչ դրոշի հաստատման հարցում, երբ արդարադատության նախարարության և սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահության ժամանակ ակտիվորեն սկսեցի օգտագործել այդ դրոշը, քանի որ համարում էի, որ հնգախաչ դրոշը շատ ավելի լավ էր արտացոլում մեր պատմությունն ու արժեքները, քան սոցիալ-դեմոկրատների Առաջին հանրապետության դրոշը։ Դրոշն արգելում էին, պատռում էին այն, իմ դեմ քրեական գործեր էին հարուցում, և այն ժամանակ հենց Պատրիարքի ակտիվ միջամտությունն ուժեղացրեց մեր դիրքերը», – նշում է Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, միանշանակ սպիտակ և սև գոյություն չուներ, սակայն այն, ինչ հիմա է կատարվում, խավարի տիրապետության հաստատման փորձ է։

«Պատրիարքին վերջին անգամ հանդիպեցի Բերլինում՝ 2017 թվականին, «Շարիտե» կլինիկայում։ Ես և Գիուլին այցելեցինք նրան, հանդիպմանը ներկա էր Շորենա Թեթրուաշվիլին, և դա շատ ջերմ հանդիպում էր, որի ժամանակ Պատրիարքը բռնել էր ձեռքս և անընդհատ կրկնում էր. «Դուք անհապաղ պետք է վերադառնաք Վրաստան»։

Իմ վերադարձից հետո Պատրիարքին արդեն մեկուսացրել էին, և թե ինչպիսին էր Պատրիարքարանի արձագանքն իմ և ուրիշների գերեվարմանը, կարծում եմ, հիշում ենք։

Այս ամենը պատմում եմ նրա համար, որ միանշանակ սպիտակ և սև գոյություն չուներ, սակայն այն, ինչ հիմա է կատարվում, խավարի հզորացում է և վերջնական տիրապետություն հաստատելու փորձ։ Ես, այնուամենայնիվ, լավատեսորեն եմ տրամադրված։ Համարում եմ, որ այս շատ բարդ շրջանը բոլոր ոլորտներում բավականին արագ կհաղթահարենք, եթե, իհարկե, պայքարենք։ «Պայքարե՛ք և կհաղթեք» (Տարաս Շևչենկո)», – գրում է Սաակաշվիլին։