Միխեիլ Ղավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանի հետ

16:28, 23.07.2026

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցզյանի հետ:

Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ դրական է գնահատվել Վրաստան-Չինաստան հարաբերությունների դինամիկան դեսպանի դիվանագիտական առաքելության ընթացքում, այդ թվում՝ համապարփակ ռազմավարական գործընկերության ձեռքբերումը:

Նրանց փոխանցմամբ՝ զրույցը վերաբերել է նաև այն գործնական արդյունքներին, որոնք հետևել են քաղաքական հարաբերությունների խորացմանը՝ երկկողմ առանց այցագրի ռեժիմի գործարկմանը, ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանն ու ընդլայնմանը, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կապերի ամրապնդմանը, ազատ առևտրի հնարավորությունների զարգացմանն ու բարձրագույն կրթության դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրին:

«Քննարկվել է նաև Վրաստան-Չինաստան համագործակցության ապագա օրակարգը, այդ թվում՝ խոսքը վերաբերել է գիտական և հետազոտական ինստիտուտների միջև կապերի ամրապնդմանն ու տեխնոլոգիական ոլորտում ապագա համագործակցությանը: Ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակման կարևորությանն ու արդյունքին կողմնորոշված գործընկերության հետագա զարգացմանը», – նշված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Չժոու Ցզյանին Վրաստանում դիվանագիտական գործունեության համար և հաջողություն մաղթել հետագա մասնագիտական գործունեության մեջ:

Նմանատիպ