Միխեիլ Ղավելաշվիլիին Սլովակիայի նախագահը հյուրընկալել է պաշտոնական ընթրիքի շրջանակներում
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին պաշտոնական ընթրիքի շրջանակներում հյուրընկալել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին։ Տեղեկությունը Ղավելաշվիլին տարածում է սոցիալական ցանցում։
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Սլովակիա է ժամանել երեկ։ Ղավելաշվիլին հանդիպել է երկրի նախագահ Պետեր Պելեգրինիին, որից հետո առաջին դեմքերը մամուլի համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Ղավելաշվիլին հանդիպումներ է ունեցել նաև Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովայի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Վրաստանի նախագահը Սլովակիայում է գտնվում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի, Սլովակիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Քվաչակիձեի և Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին։