Միխեիլ Ղավելաշվիլի․ Ադրբեջանի հետ ունենք օրինակելի հարաբերություններ, Ալիևն էլ է կարծում, որ մենք պետք է լինենք օրինակելի և ունենք ռեսուրս բոլորին ցույց տալու, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ մեր տարածաշրջանը
Ադրբեջանի հետ ունենք օրինակելի հարաբերություններ։ Իլհամ Ալիևն էլ է կարծում, որ մենք պետք է լինենք օրինակելի և ունենք ռեսուրս բոլորին ցույց տալու, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ մեր տարածաշրջանը, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին՝ ամփոփելով այցը Ադրբեջան։
Ղավելաշվիլիի խոսքով՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։
«Նախապես հայտարարել էինք, որ նախագահի կարգավիճակով առաջին այցը պետք է լիներ մեր տարածաշրջանում։ Ուրախ եմ, որ այդ այցը կայացավ Ադրբեջանում։ Ինչպես հայտնի է, երեկ բարձր մակարդակով հանդիպում ունեցանք վարչապետի և նախարարների հետ, իսկ այսօր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ, և ավարտեցինք հանդիպումով Միլի Մեջլիսում՝ տիկին Գաֆարովայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները, կարելի է ասել, աչքի են ընկնում և գտնվում են շատ բարձր մակարդակի վրա», – նշել է Ղավելաշվիլին։
Ինչպես ընդգծել է Միխեիլ Ղավելաշվիլին, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում և այն քաղաքական իրավիճակի պայմաններում, ինչպիսին այսօր է աշխարհում, կարելի է վստահ ասել, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները օրինակելի են։
«Յուրաքանչյուրը կարող է իմանալ, թե ինչ է նշանակում ռազմավարական գործընկերային հարաբերություն, ընկերություն երկու հավասար երկրների միջև, փոխադարձ հարգանք։ Այդ ամենն արտահայտված էր իմ այցի շրջանակում բոլոր մակարդակներում։ Ուզում եմ օգտվել հնարավորությունից և խորին շնորհակալություն հայտնել նրանց այդքան ջերմ, արդյունավետ ընդունելության և հյուրընկալության համար։ Ադրբեջանի հետ իսկապես ունենք օրինակելի հարաբերություններ։ Զրուցեցինք նաև տարածաշրջանի մասին, այդ թվում՝ Հայաստանի հետ կապված։ Հուսով ենք՝ երկարաժամկետ գործընթացում բոլորս կհամոզվենք, որ մեր տարածաշրջանի համար անհրաժեշտ է երկարաժամկետ կայուն և խաղաղ միջավայր։ Այս հարցում անկեղծ եմ։ Երբ խոսում էի Իլհամ Ալիևի հետ, նա նույնպես մտածում էր նույն կերպ, որ մենք պետք է լինենք օրինակելի, և ունենք ռեսուրս բոլորին ցույց տալու, թե ինչպիսի հարաբերություններ և զարգացում կարող է ունենալ մեր տարածաշրջանը», – հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։