Միխայիլո Ֆեդորովը հաստատել է Ալեքսանդր Սիրսկիի հետ ունեցած հակամարտությունը – «Նա պատրաստ է ինտրիգներ հյուսել, փոխանակ խնդիրը տեսնի ընթացիկ գործողություններում»
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլո Ֆեդորովը հաստատել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ ունեցած հակամարտությունը։ Այս մասին Միխայիլո Ֆեդորովը հայտարարել է լրատվամիջոցների համար կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ֆեդորովը հաստատել է, որ Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկում էր փոխարինել Սիրսկիին։
«Իրականում, երբ նախագահն ասաց, որ չի ծրագրում փոխարինել Սիրսկիին, դա նրա՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն էր։ Ես լիովին համաձայնեցի այդ որոշման հետ և նրան ասացի, որ այդ դեպքում կսովորեմ աշխատել նրա հետ, քանի որ, ի վերջո, մեր հաճախորդը ուկրաինացի ժողովուրդն է, և ոչ թե մեկ ուրիշը», – նշել է Ֆեդորովը։
Ինչպես հայտարարել է Ֆեդորովը, ինքը բախվել է մի իրավիճակի, երբ Սիրսկին սկսել է արգելափակել իր նախաձեռնությունները։
«Սիրսկին, հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք, պատրաստ չէ դեմ առ դեմ խոսել խնդիրների մասին։ Սիրսկին պատրաստ է անձամբ ներկա գտնվել հանդիպումներին, ինտրիգներ հյուսել, կարծել, թե ինչ-որ մեկը լրատվամիջոցներում արշավ է պատվիրել, փոխանակ խնդիրը տեսնի ընթացիկ գործողություններում», – հայտարարել է Ֆեդորովը։
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը նաև նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին իրեն առաջարկել է նախագահի խորհրդականի պաշտոնը, սակայն ինքը չի ընդունել այդ առաջարկը։
Ի գիտություն՝ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի հրաժարականի դեմ այսօր Կիևում և ուկրաինական այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Ինքը՝ Ֆեդորովը, ճեպազրույցում հայտարարել է, որ այսօր «ուկրաինացի ժողովուրդը փողոց է դուրս եկել ոչ թե կոնկրետ նախարարի համար, այլ իր համար»։ Ինչպես նշել է Ֆեդորովը. «Վերջին շրջանում հույս էր հայտնվել, մարտի դաշտում և երկնքում նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել Ուկրաինան, իսկ հիմա այդ հետագիծը կործանվում է»։